Ս.թ. մարտի 2-ին Եվրասիա համագործակցության հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կոմպասս» ՀԿ կողմից իրականացվող՝ «ՔՀԿ ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ակտիվ քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՀՀ-ում ՔՀԿ-ների մարդկային ռեսուրսների կազմի ու կառուցվածքի պատկերը, ֆինանսական կառավարման կարողությունները, ձեռնարկատիրական գործունեության փորձը, հմտությունները, ինչպես նաև դրանով զբաղվելու պատրաստակամության հիմքերն ու պատճառները:
Հետազոտությունը հիմք է հանդիսանում հետագայում այդ ուղղությամբ դասընթացների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հնարավոր աշխատանքների համար:
Արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան, բարձրացվեցին ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընձեռնման մասին հարցեր, ինչպես նաև հայտնեցին կարծիքներ հետազոտության վերլուծության վերաբերյալ:
Ծրագրի հիմնական գործընկեր է հանդիսանում «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը», որն իրականացնում է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական Զարգացման Կոոպերացիայի կողմից: