Compass

Քաղաքականության փաստաթուղթ. միասնական տվյալային համակարգ և ցուցանիշների ստանդարտներ բարձրագույն կրթության ոլորտում

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը ներկայացնում է «Միասնական տվյալային համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրումը բարձրագույն կրթության ոլորտում և «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավումը բյուջետային ծրագրերում» քաղաքականության փաստաթուղթը։

Փաստաթուղթը մշակվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում՝ «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրով։ Ամբողջական փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ։

Ինչի մասին է փաստաթուղթը

Փաստաթուղթն առաջարկում է՝ ա) ստեղծել բուհերի միասնական տվյալային համակարգ և ցուցանիշների ստանդարտացված համակարգ, բ) ամրապնդել այդ տվյալների կապը պետական բյուջեի ծրագրային կառուցվածքի հետ՝ ապահովելով «ծախս–արդյունք–ազդեցություն» շղթայի հետևողականությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի բյուջետային ծրագրերում։

Այն ներառում է հիմնախնդրի վերլուծություն, քաղաքականության հիմնական ուղղություններ, իրականացման ճանապարհային քարտեզ, ինստիտուցիոնալ պատասխանատվություններ, ռիսկերի գնահատում և մշտադիտարկման մեխանիզմ։

Մի քանի թիվ

  • 25,2%՝ ETF մշտադիտարկման ցուցանիշների լրացվածությունը ՀՀ-ի համար (2024)
  • 0՝ ազգային մակարդակի շրջանավարտների հետագծման հաշվետվություն առ այսօր
  • 6/9՝ ելակետային ցուցանիշներից, որոնք այժմ «չեն չափվում» պետական պատվերում
  • 22,6/100՝ Torino Process 2023-ի ցուցանիշների համադրելիության միավորը ՀՀ-ի համար («ցածր»)

Հիմնախնդիրը

  • Տվյալների մասնատվածություն. բուհերի տարբեր հաշվառման մոտեցումները դժվարացնում են համադրումն ու գնահատումը։
  • Թափանցիկության և վերահսկողության բացեր. հրապարակվող հաշվետվությունները դժվարընկալելի են, վերահսկողությունը՝ թույլ։
  • Հանրային մասնակցության սահմանափակում. ֆինանսական որոշումները հազվադեպ են քննարկվում շահակիցների հետ։

Նպատակը

Ապահովել բարձրագույն կրթության ոլորտում տվյալահեն, թափանցիկ և արդյունքահեն բյուջետային կառավարում՝ միասնական տվյալային համակարգի ու ցուցանիշների ստանդարտների միջոցով ամրապնդելով «ծախս–արդյունք–ազդեցություն» կապը։

Առաջարկվող 7 ուղղությունը

  • Ա. Միասնական տվյալային համակարգի ինտեգրում
  • Բ. Ցուցանիշների ստանդարտացում
  • Գ. «Ծախս–արդյունք–ազդեցություն» կապի ամրապնդում
  • Դ. Ինստիտուցիոնալ և իրավական շրջանակ
  • Ե. Թվային ենթակառուցվածք և տվյալների որակ
  • Զ. Կարողությունների զարգացում
  • Է. Թափանցիկություն և հաշվետվողականություն

Իրականացման փուլերը

  • Փուլ 1 (0–12 ամիս). դասակարգիչի մշակում, ելակետային աուդիտ, փորձնական ներդրում 3–5 բուհում
  • Փուլ 2 (12–30 ամիս). մոդուլի ամբողջական ներդրում բոլոր բուհերում, կարողությունների զարգացում
  • Փուլ 3 (30–48 ամիս). ռեգիստրների կապակցում ՊԵԿ-ի հետ, հետագծման գործարկում, բաց տվյալներ
  • Փուլ 4 (48+ ամիս). անկախ արտաքին գնահատում, ցուցանիշային փաթեթի վերանայում

Ակնկալվող արդյունքները

  • Տվյալահեն հիմնավորվածության բարձրացում որոշումների կայացման գործում
  • Բյուջետային ռեսուրսների բաշխման արդյունավետության և թիրախայնության բարելավում
  • Բուհերի միջև թափանցիկ ու արդար համեմատելիություն
  • Աշխատաշուկայի և կրթական համակարգի կապի ամրապնդում
  • Հանրության և միջազգային գործընկերների վստահության աճ

Եզրակացություն

Խնդիրը հիմնականում իրավական և ինստիտուցիոնալ է, ոչ տեխնոլոգիական. իրավական հիմքն ու տեխնիկական կարողությունը մեծամասամբ արդեն առկա են (1997-ից գործող օրենսդրական պահանջ, 2021-ից ընդգրկված ռեգիստրի շրջանակ)։ Բացակայում են ցուցանիշների միասնական սահմանումները, պատասխանատվության բաշխումը և տվյալի ու բյուջետային որոշման միջև ընթացակարգային կապը։

Հաջողության երաշխիքը՝ փուլերի անցման հստակ պայմաններ, օրենսդրական ամրագրում, բազմամյա պարտավորություն և հրապարակայնություն՝ որպես բարեփոխման անշրջելիության մեխանիզմ։

Ներբեռնել

Լուսանկարներ

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։