«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը ներկայացնում է «Միասնական տվյալային համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրումը բարձրագույն կրթության ոլորտում և «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավումը բյուջետային ծրագրերում» քաղաքականության փաստաթուղթը։
Փաստաթուղթը մշակվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում՝ «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրով։ Ամբողջական փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ։
Ինչի մասին է փաստաթուղթը
Փաստաթուղթն առաջարկում է՝ ա) ստեղծել բուհերի միասնական տվյալային համակարգ և ցուցանիշների ստանդարտացված համակարգ, բ) ամրապնդել այդ տվյալների կապը պետական բյուջեի ծրագրային կառուցվածքի հետ՝ ապահովելով «ծախս–արդյունք–ազդեցություն» շղթայի հետևողականությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի բյուջետային ծրագրերում։
Այն ներառում է հիմնախնդրի վերլուծություն, քաղաքականության հիմնական ուղղություններ, իրականացման ճանապարհային քարտեզ, ինստիտուցիոնալ պատասխանատվություններ, ռիսկերի գնահատում և մշտադիտարկման մեխանիզմ։
Մի քանի թիվ
- 25,2%՝ ETF մշտադիտարկման ցուցանիշների լրացվածությունը ՀՀ-ի համար (2024)
- 0՝ ազգային մակարդակի շրջանավարտների հետագծման հաշվետվություն առ այսօր
- 6/9՝ ելակետային ցուցանիշներից, որոնք այժմ «չեն չափվում» պետական պատվերում
- 22,6/100՝ Torino Process 2023-ի ցուցանիշների համադրելիության միավորը ՀՀ-ի համար («ցածր»)
Հիմնախնդիրը
- Տվյալների մասնատվածություն. բուհերի տարբեր հաշվառման մոտեցումները դժվարացնում են համադրումն ու գնահատումը։
- Թափանցիկության և վերահսկողության բացեր. հրապարակվող հաշվետվությունները դժվարընկալելի են, վերահսկողությունը՝ թույլ։
- Հանրային մասնակցության սահմանափակում. ֆինանսական որոշումները հազվադեպ են քննարկվում շահակիցների հետ։
Նպատակը
Ապահովել բարձրագույն կրթության ոլորտում տվյալահեն, թափանցիկ և արդյունքահեն բյուջետային կառավարում՝ միասնական տվյալային համակարգի ու ցուցանիշների ստանդարտների միջոցով ամրապնդելով «ծախս–արդյունք–ազդեցություն» կապը։
Առաջարկվող 7 ուղղությունը
- Ա. Միասնական տվյալային համակարգի ինտեգրում
- Բ. Ցուցանիշների ստանդարտացում
- Գ. «Ծախս–արդյունք–ազդեցություն» կապի ամրապնդում
- Դ. Ինստիտուցիոնալ և իրավական շրջանակ
- Ե. Թվային ենթակառուցվածք և տվյալների որակ
- Զ. Կարողությունների զարգացում
- Է. Թափանցիկություն և հաշվետվողականություն
Իրականացման փուլերը
- Փուլ 1 (0–12 ամիս). դասակարգիչի մշակում, ելակետային աուդիտ, փորձնական ներդրում 3–5 բուհում
- Փուլ 2 (12–30 ամիս). մոդուլի ամբողջական ներդրում բոլոր բուհերում, կարողությունների զարգացում
- Փուլ 3 (30–48 ամիս). ռեգիստրների կապակցում ՊԵԿ-ի հետ, հետագծման գործարկում, բաց տվյալներ
- Փուլ 4 (48+ ամիս). անկախ արտաքին գնահատում, ցուցանիշային փաթեթի վերանայում
Ակնկալվող արդյունքները
- Տվյալահեն հիմնավորվածության բարձրացում որոշումների կայացման գործում
- Բյուջետային ռեսուրսների բաշխման արդյունավետության և թիրախայնության բարելավում
- Բուհերի միջև թափանցիկ ու արդար համեմատելիություն
- Աշխատաշուկայի և կրթական համակարգի կապի ամրապնդում
- Հանրության և միջազգային գործընկերների վստահության աճ
Եզրակացություն
Խնդիրը հիմնականում իրավական և ինստիտուցիոնալ է, ոչ տեխնոլոգիական. իրավական հիմքն ու տեխնիկական կարողությունը մեծամասամբ արդեն առկա են (1997-ից գործող օրենսդրական պահանջ, 2021-ից ընդգրկված ռեգիստրի շրջանակ)։ Բացակայում են ցուցանիշների միասնական սահմանումները, պատասխանատվության բաշխումը և տվյալի ու բյուջետային որոշման միջև ընթացակարգային կապը։
Հաջողության երաշխիքը՝ փուլերի անցման հստակ պայմաններ, օրենսդրական ամրագրում, բազմամյա պարտավորություն և հրապարակայնություն՝ որպես բարեփոխման անշրջելիության մեխանիզմ։
Ներբեռնել
Լուսանկարներ










Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։