Compass

Առաջարկներ` Գյումրու հնգամյա զարգացման ծրագրում

2016թ. հոկտեմբերի ամսին սկսվեցին Գյումրի համայնքի 2017-2021թթ. զարգացման ծրագրի նախագծի մշակման աշխատանքները: «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց իր կառուցվածքային և բովանդակային առաջարկությունները` հետևյալ ոլորտների վերաբերյալ.

«Կոմպասս» կենտրոնի կողմից ներկայացված 42 առաջարկություններից 38-ը ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են, և Գյումրի համայնքի 2017-2021թթ. զարգացման ծրագրում կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ:

Ընդհանուր բնույթի բովանդակային առաջարկների մասով ընդունված առաջարկները վերաբերում էին կառավարման գործընթացում մասնակցության բարձրացմանը, նորարական և ՏՏ ոլորտների գործունության աջակցությանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը` որպես քաղաքի զարգացման կարևոր ոլորտ, քաղաքի բրենդավորմանը, վերոնշյալ ուղղություններով ծրագրային լուծումների մշակմանը, քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև զարգացման ծրագրի տարեկան մոնիթորինգների իրականացմանը: Մանրամասները` այստեղ:

Աղբահանության և սանիտարական մաքրման ենթաբաժնում ընդունվել են «Կոմպասս» կենտրոնի առաջարկները` կապված Գյումրիում աղբամանների տեղակայման մեթոդաբանության, երեկոյան ժամերին դրանց օգտագործման խնդիրների, քաղաքային աղբանոցում նորմերի պահպանման, շենքերի բակերում սանմաքրման աշխատանքների, քաղաքում նոր կանաչ տարածքների հիմնման, փողոցների մաքրման արդյունավետ կազմակերպման տարբերակների և այլ հարցերի շուրջ:

«Բնակտնտեսություն և համատիրություններ» բաժնում ընդունվել են կենտրոնի առաջարկությունները, որոնք վերաբերում էին Գյումրիի համատիրությունների ֆինանսական պլանավորման անհրաժեշտության կազմակերպմանը, քաղաքացիների շրջանում համատիրությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին, ֆինանսատնտեսական գործունեության բարելավման մեթոդաբանությանը, հաշվետվողականության եղանակների սահմանմանը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր տարբերակների ներդրմանը և աջակցմանը:

«Բնակկոմունալ և  շրջակա միջավայրի պահպանություն» ենթաբաժնում ընդունվել են առաջարկները` կապված քաղաքային լուսավորության կազմակերպման արդյունավետության բարձրացման, հենասյուների հեռավորությունների կարգավորման, լուսավորող հենասյուների էլեկտրոնային վերահսկողության և այլ հարցերի հետ:

«Մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքներ» բաժնում ներառվել է կետ, որով սահմանվում է «Կոմպասս» կենտրոնի և Գյումրու երիտասարդական խորհրդի կողմից մշակված Գյումրու երիտասարդական քաղաքականության հայեցակարգի և ռազմավարության հաստատում: