Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 6 խոշորացված համայնքների բնակիչները քննարկեցին աղբահանության կազմակերպումն իրենց համայնքներում՝ հայտնելով իրենց կարծիքներն ու մտահոգություններն ու կատարելով իրենց առաջարկները: Քննարկման արդյունքները համապատասխան մեթոդաբանությամբ մշակվելուց հետո զեկույցների տեսքով ներկայացվելու է պատկան մարմիններին, ինչը նրանց թույլ կտա ստանալ մասնագիտական մշակում անցած հետադարձ կապ՝ որոշումների կայացման գործում քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու և մատուցվող ծառայություններից հնարավորինս բարձր բավարարվածություն ապահովելու համար: «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում 6 խոշորացված համայնքներում իրականացվել է ՏԻՄ կողմից մատուցված աղբահանության կազմակերպման, լուսավորության ապահովման և ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների մոնիթորինգ: Մոնիթորինգը ներառել է բնակիչների դեմ առ դեմ հարցումներ, դիտարկում, չափումներ, լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է եղել պարզել վերոնշյալ ծառայությունների մատուցման ներկա մակարդակը, ինչպես նաև բնակչության բավարարվածության աստիճանը: Մոնիթորինգի արդյունքները ներառվել են զեկույցում, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը: Մոնիթորինգի, ինչպես նաև Town Hall քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պատկան մարմիններին՝ տվյալ ծառայությունների մատուցման որակը բարձացնելու համար: «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի բյուջեն կազմում է 24 միլիոն 986 հազար ՀՀ դրամ, որից 22 միլիոն 516 հազար դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից: Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: